Իսլամիստներն «ահաբեկչություն» են իրականացրել Լոնդոնում. 1 զոհ (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հարավ-արևմտյան Վուլիչ թաղամասում Զինված ուժերի ներկայացուցիչ է սպանվել։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, սպանությունը կատարել են 2 ենթադրյալ իսլամիստներ։ Ոստիկանությունը ձերբակալել է մարդասպաններին՝ տեղի ունեցածն անվանելով «քաղաքական դրդապատճառներ ունեցող հարձակում»։
Միջադեպի, ինչպես նաև հանցագործների ինքնության վերաբերյալ որևէ այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Ներքին գործերի նախարարության ղեկավար Թերեզա Մեյը հատուկ ծառայությունների հետ քննարկում է անցկացրել, իսկ վարչապետ Դևիդ Քեմերոնն էլ դադարեցրել է Ֆրանսիա կատարած այցը՝ ուժայինների հետ հանդիպելու համար։ Քեմերոնն ընդգծել է, որ Միացյալ Թագավորության իշխանությունները կասկածներ չունեն այն հարցում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է։
Ականատեսները պատմել են, որ 2 տղամարդ մեքենայով հարվածել են փողոցով անցնող զինծառայողին, ծեծի ենթարկել, պահանջել, որպեսզի նա մեքենան նստի, իսկ երբ հրաժարվել է՝ սպանել են։ Մոտակայքում գտնվող ոստիկանների և հանցագործների միջև փոխհրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով իսլամիստները վնասվածքներ են ստացել և այժմ հոսպիտալացված են։
Sky News-ն իր հերթին հայտնել է, որ հանցագործները մի քանի անգամ բղավել են «Ալլահ, աքբար», ինչպես նաև լուսանկարել իրենց զոհին։ Բրիտանացի իրավապահներն արդեն նիգերիական հետք են գտել ահաբեկչության մեջ։










