Աղքատության ճիրաններում հայտնված Մալավին վաճառել է նախագահական ինքնաթիռը
Մալավիի նախկին նախագահ Բինգու վա Մութարիկայի համար 2009թ. գնված լյուքս դասի ինքնաթիռը վաճառվել է 15 մլն դոլարով՝ աղքատության ճիրաններում հայտնված աֆրիկյան պետության համար գումար գտնելու համար։
Ինչպես նշում է Yahoo! News-ը, ինքնաթիռը ժամանակին գնվել է 22 մլն դոլարով, ինչը Մալավիի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների սրման պատճառ է հանդիսացել։ Պաշտոնական Լոնդոնի կարծիքով՝ անիմաստ էր այդքան գումար տրամադրել ինքնաթիռի գնման համար։ Արդյունքում Միացյալ Թագավորությունն ինքնաթիռի պատճառով 3 մլն ֆունտ ստեռլինգով կրճատել է Մալավիին տրամադրվող օգնության չափը։
Մալավիի գործող նախագահ Ջոյս Բանդան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնաթիռը տարեկան 300 հազար դոլարի, այդ թվում նաև ապահովագրությունը, ծախս է պատճառում կառավարությանը, ընդունել է օդային փոխադրամիջոցի վաճառքի մասին որոշումը։










