Վանո Մերաբիշվիլիին կպահեն նորմալ բանտային պայմաններում. Վրաստանի պատժի կրման նախարար

16:59 • 23.05.13

Վրաստանի պատժի կրման և իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին նշել է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին Թբիլիսիի թիվ 9 բանտում կպահեն նորմալ պայմաններում։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, լրագրողների հարցին, թե արդյոք Վանո Մերաբիշվիլին բանտում չի՞ ունենա այնպիսի խնդիրներ, ինչպիսին ունեցավ Վրաստանի ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայան, երբ այլ բանտարկյալներ նրա հասցեին անպարկեշտ բառեր էին ասել, Սոբարին պատասխանել է, որ «հնարավոր չէ ամեն մարդու համար առանձին բանտ կառուցել»։

 

Նախարարը շտապել է ասել, որ թիվ 9 բանտում նման ոչինչ տեղի չի ունենում։ «Այս պահին հանգիստ է, ոչ մի ձայն չկա։ Եթե ինչ-որ մեկը սկսի բղավել, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»,-ասել է Սուբարին։

 

Մերաբիշվիլիի փաստաբանը տեղեկացրել է, որ նրան պահում են մենախցում, և նախկին վարչապետն առայժմ բողոքներ չունի ու շարունակելու է պայքարը։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է կոռուպցիոն գործունեության համար։