Հայ փրկարարները 800 մետր բարձրությունից իրականացրել են ուսումնական թռիչքներ պարաշյուտով (տեսանյութ)

17:40 • 23.05.13

ՀՀ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր պարապմունք են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում, հայտնում է ԱԻ նախարարության կայքը: 

 

Օդադեսանտային փրկարարական ջոկատի 19 անդամներ ՊՆ մասնագետների անցկացրած 2-օրյա տեսական դասընթացներից հետո իրականացրել են 2-օրյա վերգետնյա պարապմունքներ, որոնց ընթացքում փրկարարները հատուկ սարքավորումների օգնությամբ սովորել են օդում կառավարել անկարգելը (պարաշյուտ)։

 

Դասընթացի մասնակիցներից 11-ն արդեն թռիչքի փորձ ունեին, իսկ 8-ն առաջին անգամ էին մասնակցում նման պարապմունքների։

 

Այսօր վաղ առավոտյան, նախապատրաստական աշխատանքներից և բժշկական ստուգում անցնելուց հետո` փրկարարներն ուղղաթիռով բարձրացել են երկինք և շուրջ 800 մետր բարձրությունից իրականացրել ուսումնական թռիչքներ։

 

ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների միջև պայմանավորվածության համաձայն` օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամները շարունակելու են պարբերաբար մարզվել ՊՆ մասնագետների հետ և ուսումնական թռիչքներ իրականացնել` մշտական պատրաստվածությունն ապահովելու համար։