Սիրիական հակամարտությունը շարունակվում է Լիբանանի տարածքում. 5 զոհ, 50 վիրավոր

13:44 • 23.05.13

Լիբանանի Տրիպոլի քաղաքում Սիրիայում հակամարտող տարբեր կողմերին աջակցող զինյալ խմբավորումների միջև մարտերը շարունակվել են. զոհվել է 5, վիրավորվել 50 մարդ։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, լիբանանյան Տրիպոլիում կրոնական հողի վրա բռնությունները հաճախակի բնույթ ունեն։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ այս տարածաշրջանում բնակվում են մուսուլման սուննիներ և ալևիներ (Ասադի կողմնակիցներ)։ Նրանց միջև թեև վաղուց է թշնամությունը, սակայն հարևան Սիրիայում շարունակվող հակամարտությունը «բացել է նրանց վերքերը»։

 

Սուննիների և ալևիների միջև վերջին բախումները սկսվեցին այն ժամանակ, երբ Սիրիայում կառավարական զորքը սկսեց ռազմական գործողություն իրականացնել Ալ-Կուսեյր բնակավայրի գրավման համար։


Լրատվամիջոցների տվյալներով՝ լիբանանյան Տրիպոլիում կիրակի օրը վերսկսված մարտերի ընթացքում ընդհանուր առմամբ 18 մարդ է զոհվել, վիրավորվել է 170-ը։
 

Մարտերի ընթացքում երկու կողմն էլ օգտագործել է «ծանր տեխնիկա». ականանետներ, նռնականետներ, մեծ տրամաչափի գնդացիրներ։


Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, զինյալները ցերեկը սովորաբար հանգստանում են, իսկ գիշերը՝ գործի անցնում։