Վանո Մերաբիշվիլին բանտ է տեղափոխվել
Վրաստանի Քութաիսի քաղաքի դատարանը երկրի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին նախնական կալանքի տակ առնելու վճիռ է կայացրել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նրա հետ ձերբակալված Կախեթիի նահանգապետ, աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիին դատարանն ազատ է արձակել 20 հազար լարիի (մոտ 12.000 դոլարի) չափով գրավի դիմաց։
Մերաբիշվիլիի փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն վճիռը։ Չիաբերաշվիլին, փաստաբանների խոսքերով, ազատ կարձակվի գրավի վճարումից անմիջապես հետո։
Նախկին վարչապետին բանտում թողնելու որոշումը ծափերով են ընդունել դատարանի շենքի մոտ հավաքված նախկին իշխանությունների քննադատները։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները, իրենց հերթին, դատարանի դահլիճից մռայլված են դուրս եկել։ Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Դավիդ Բաքրաձեն փորձել է ոգևորել կողմնակիցներին։
«Պայքարը շարունակվում է՝ թե՛ քաղաքական, թե՛ իրավական։ Այն ամենը, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։ Մենք այսօր չենք մահացել, և վաղն էլ չենք մահանալու»,-ասել է Բաքրաձեն։
Մերաբիշվիլին 2004թ.-ից մինչև վարչապետ դառնալը զբաղեցրել է Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Նա համարվել է «վարդերի հեղափոխությունից» հետո իշխանության եկած կառավարության ամենաազդեցիկ նախարարներից մեկը։
Այժմ Մերաբիշվիլին ընդդիմադիր հիմնական կուսակցության գլխավոր քարտուղարն է։










