Դամասկոսը մերժել է ընդդիմության՝ Ասադի 500 մերձավորների հետ երկրից հեռանալու առաջարկը

18:46 • 24.05.13

Սիրիական արտերկրյա ընդդիմության առաջնորդ շեյխ Ահմեդ Մուազ ալ-Խաթիբը Ստամբուլում անցկացվող Սիրիայի ազգային և հեղափոխական ուժերի կոալիցիայի հավաքին Սիրիայում հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ է ներկայացրել։

 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այն, սակայն, արդեն մերժվել է պաշտոնական Դամասկոսի կողմից։


Ճանապարհային քարտեզով նախատեսվում էր, որ առաջիկա 20 օրերի ընթացքում նախագահ Բաշար ալ-Ասադն իր լիազորությունները պետք է փոխանցի փոխնախագահ Ֆարուք Շարաային կամ վարչապետ Վաիլ ալ-Հալքիին։ Սիրիացի առաջնորդին առաջարկվում էր լքել երկիրը՝ իր հետ տանելով 500 մերձավորների և օգնականների։ Ընդդիմությունը, սակայն, չի երաշխավորում, որ Ասադը չի կանգնի միջազգային դատարանի առաջ՝ ռազմական հանցագործությունների մեղադրանքով։

 

Պաշտոնական Դամասկոսը մերժել է այդ առաջարկները և նշել, որ դրանք ծիծաղելի են Սիրիայի բանակի գրանցած հաջողությունների ֆոնին՝ երկիրն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու հարցում։

 

Իշխանությունները մատնանշում են, որ արտերկրում գտնվող ընդդիմադիրները գործում են արտաքին ուժերի ազդեցությամբ։


«Այդ ուժերը ձգտում են հասնել մի կետի, որ Ասադի ճակատագիրը ներառվի առաջիկայում նախատեսվող համաժողովի օրակարգում»,-ասված է պաշտոնական մեկնաբանության մեջ։.


Սիրիական կառավարությունը նշել է, որ Սիրիայի հարցով միջազգային համաժողովը պետք է կայանա առանց նախապայմանների, և դրան պետք է մասնակցեն միայն նրանք, ովքեր հետաքրքրված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ։

 

Ավելի վաղ Ասադը հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել նավը փոթորկի ժամանակ, և չէր բացառել, որ 2014թ.-ին կմասնակցի նախագահական ընտրություններին։