Արքայազն Չարլզը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր

17:31 • 24.05.13

Արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, ով մայիսի 28-ից մինչև 30-ը մասնավոր այցելություն կկատարի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
 

 

Նա կայցելի աշխարհի հնագույն պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրի` Հայաստանի կարևորագույն պատմական հուշարձանները, ներկա կգտնվի գալա համերգին և ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքին:

«Երևան, իմ սեր» ծրագրի հիմնադիրը Արմեն Սարգսյանն է` Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը և նախկին Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում: Սա «ճարտարապետական ժառանգության վերածնման նախագիծ է զուգորդված լուրջ հասարակական ազդեցության ծրագրերով», որը վերականգնելու է պատմական նշանակություն ունեցող շենքերը Երևանում, հարմարեցնելով դրանք նորովի օգտագործման համար բարեգործական նպատակով: Այս առումով «Երևան, իմ սերը» շատ նման է «Դամֆրիների տուն» ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը: Այն ոչ միայն վերստեղծում է շրջակա միջավայրը, այլև որպես ժառանգություն փոխանցվում ապագա սերունդներին:

 


2007 թվականի հունիսին ՆԱՄ Ուելսի արքայազնը, կրելով Շոտլանդիայի Մեծն Ստյուարդ տիտղոսը, գլխավորեց բարեգործական և մշակութային ժառանգությամբ զբաղվող հիմնադրամների կոնսորցիումը և ձեռք բերեց Դամֆրիների տունն իր ողջ գույքով և կից հողատարածքով, որպեսզի Դամֆրիների տունը պահպանվի անեղծ, վերականգնվի շրջակա տարածքը և մատչելի լինի հասարակայնության համար: Արմեն Սարգսյանը երկար տարիներ եղել է «Դամֆրիների տան» վերականգնման խանդավառ աջակիցը:


Հայաստանյան այցելության ընթացքում արքայազնը կայցելի Մատենադարան` հնագույն ձեռագրերի գրադարանն ու հետազոտական կենտրոնը, որտեղ պահպանվում են ավելի քան 17.000 հայ և օտարալեզու ձեռագրեր և 30,000 վավերագրեր: ՅՈՒՆԵՍԿՈՆ ճանաչել է Մատենադարանը որպես համաշխարհային մշակութային նշանակության կենտրոն, որտեղ պահպանվում են պարսկերեն, հիբրուերեն, արաբերեն, ճապոներեն, ռուսերեն հնագույն աշխատություններ, որոնցում արծարծվում են բազում առարկաներ` բժշկություն և գիտություն, քերականություն, արվեստ և այլն:


Ուելսի արքայազնը և Արմեն Սարգսյանը հանդիպում են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր նստավայրում:


Արքայազնն այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը և Ամենայն հայոց կաթողիկոս և ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդի վեհարանը:

Ուելսի Արքայազնը ներկա է գտնվելու Երևանի Օպերայի տանը կայանալիք համերգին, որին հաջորդելու է ընդունելություն և գալա ընթրիք ի պատիվ «Երևան, իմ սեր» ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երևանի Կոնդ համայնքում` Սբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք մոր և մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն:

«Երևան, իմ սերը» «ժառանգության օազիս» է ստեղծելու Երևանի Սբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների և մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական և համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն:


«Երևան, իմ սերը» նախատեսում է Երևանում հիմնել նաև Ազգային զբոսայգի, որ կմիավորի աշխարհասփյուռ հայերին իրենց Հայրենիքի հետ: Բնատեսարանի ճարտարապետ բրիտանացի Լորդ Ռենդլ Սիդդելին և գործընկերները լիազորված են մշակել 101 հեկտարանոց տարածքի նախագիծը, որը կներառի Սփյուռքի թանգարանը: Լոնդոնն ունի իր «Հայդ Փարք» զբոսայգին, Երևանն էլ կունենա իր «Հայ Փարքը», որը անգլերեն թարգմանելու պարագայում կնշանակի Հայկական զբոսայգի:

 

Երևանն աշխարհի ամենահին շարունակաբար բնակեցված քաղաքներից է, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին և 30 տարով տարեց է Հռոմից: Արմեն Սարգսյանն ասում է. «Երևան, իմ սեր» ծրագրի գերագույն նպատակն է համագործակցել Երևանի յուրաքանչյուր բնակչի հետ` հանուն քաղաքի հարուստ ժառանգության և բացառիկ էության»: