Գարեգին Չուգասզյանը չի բացառում Նախախորհրդարանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցությունը
Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը որևէ խոչընդոտ չի տեսնում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ու Նախախորհրդարանի համագործակցության հարցում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա, բայց միաժամանակ ընդգծեց, որ տվյալ դեպքում իրենք են հրավիրում քննարկումների, ոչ թե գնում քննարկման:
«Փետրվարի 18-ից հետո թե՛ հրապարակով, թե՛ գրավոր, մենք մեր առաջարկությունները Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացրել ենք, ըստ որի՝ ինչ է պետք անել: Դժբախտաբար, այդ ծրագիրը անուշադրության մատնվեց, որևիցե քննարկման չենթարկվեց: Դրա փոխարեն անընդհատ հնչում էին քննարկումների մասին պնդումները: Մենք անվերջ սպասել չէինք կարող և ապրիլի 9-ից հետո հայտարարեցինք, որ այդ ծրագիրը ինքներս կներկայացնենք»,- ասաց նա և ընդգծեց, որ այն բաց ծրագիր է բոլոր ուժերի համար, ովքեր կընդունեն սկզբունքները և կոնստրուկտիվ քննադատության կենթարկեն:
Այնուհետև նա համառոտ ներկայացրեց Նախախորհրդարանի ներկայացրած ծրագիրը: Նշենք, որ այն բաղկացած է մի քանի քայլերից, որոնք իրենց հերթին մի քանի փուլից են կազմված: Առաջինը կազմակերպման և ինքնակազմակերպման քայլն է, որ կազմակերպական ցանց պետք է ստեղծի, ինչն ըստ նրա՝ արդեն իսկ սկսել է ստեղծվել:
«Այդ մկանների վրա ներկայացուցչական մարմին կստեղծվի, տեղերից կառաջադրվեն թեկնածուներ ու ընտրություններ կլինեն թեկնածուների միջև, որոնք պետք է կազմեն նոր օրենսդիր մարմնի կորիզը: Սակայն դա լեգիտիմ չի լինի, մինչև ամբողջ ժողովուրդը իր քվեն չտա մարմնին, հետևաբար պետք է երրորդ փուլը տեղի ունենա և ժողովուրդը մասնակցի հանրաքվեին»,- ասաց նա և, անդրադառնալով 4-րդ կետին, նշեց, որ մարմինը քվեն ստանալուց հետո դառնալով լեգիտիմ, սկսում է իր բանակցությունները գործող վարչախմբի հետ:
Հարցին, թե ի՞նչ երաշխիք, որ Նախախորհրդարանի աշխատանքի արդյունքում ձևավորված կադրերը հետագայում չեն դառնա այնպիսին, ինչպիսին են այսօրվա իշխանության ներկայացուցիչները, Գարեգին Չուգասզյանը պատասխանեց. «Միակ երաշխիքը վերահսկողությունն է, կոլեգիալությունն ու ներքևից ժողովրդի մասնակցությունը: Եթե մենք դա չապահովենք, որևիցե շարժում դատապարտված է հրեշ դառնալու: Այստեղ ոչ թե առաջնորդ է հայտնվում, որի գործը կախված է լինում, որը չի դիմանում ճնշումներին կամ գայթակղություններին, ինչպես վերջին տարիների զարգացումների ընթացքում բազմիցս տեսել ենք Հայաստանում, այլ կոլեգիալությունը, մի քանի էշելոնների գոյությունը և այդ ներքին ժողովրդավարական սկզբունքի կիրառումը բուն շարժման մեջ, կլինի միակ երաշխիքը, որը կարող է ապահովել, հետ պահել նման հրեշի ծննդից»,- ասաց նա:










