Բրիտանիայում բժիշկը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ կին հիվանդներին գաղտնի նկարահանելու համար
Մեծ Բրիտանիայում բժիշկ Դևինդեր Ջիտ Բեյնսը իրեն այցելած իգական սեռի հիվանդներին թաքնված տեսախցիկով նկարահանելու և սեռական ոտնձգություններ կատարելու համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին: Մեղադրյալն ընդունել է իր մեղքը:
Բեյնս ապրում և աշխատում էր Անգլիայի հարավում գտնվող Ուիլթշիր դքսության Ռոյալ Վուտտոն Բասսետ քաղաքում: Մի քանի տարիների ընթացքում նա տեսաձայնագրում էր իր հիվանդների այցելությունները, որոնց ժամանակ նա հաճախ ոտնձգություններ էր կատարում: Ոստիկանությունը համակարգչում հայտնաբերել է 361 տեսանյութ: Հաստատապես հաջողվել է ապացուցել, որ նրա գործողություններից տուժել է 27 կին, սակայն կարծիքներ կան, որ նրա զոհ կարող են հանդիսանալ 14-51 տարեկան մոտ 300 հիվանդ:
Ոստիկանությունը Բեյնսի դեմ հետաքննությունը սկսել էր 2012 թվականի հունիսին, երբ նրա 19-ամյա հարևանուհին ոստիկանությանը բողոքել էր, որ նա ոտնձգություններ է կատարել նրա նկատմամբ:










