Ճապոնիան զայրացած է՝ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունն անվանել են «Աստծո պատիժ»
Ճապոնիայի իշխանությունները վրդովմունք են հայտնել հարավկորեական «JoongAng Ilbo» թերթի սյունակի հետ կապված, որտեղ նշվում է, որ Հիրոսիմա և Նագասակի քաղաքների միջուկային ռմբակոծությունն «Աստծո պատիժն» էր, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ ղեկավար Ֆումիո Կիսիդային։
«Որպես աշխարհում միակ երկիրը, որը միջուկային ռմբակոծության է ենթարկվել, մենք չենք կարող ընդունել նման հայտարարություններ։ «JoongAng Ilbo»-ում պետք է գիտակցեն, որ հոդվածը վրդովմունք է առաջացրել Ճապոնիայի կառավարության և մեր երկրի բնակչության շրջանում»,- ընդգծել է Կիսիդան։
Հոդվածը հրապարակվել է մայիսի 22-ին։ Ի պատասխան նյութին Սեուլում Ճապոնիայի դեսպանատունը բողոք է հայտնել թերթին։ Հարավկորեական թերթի խմբագրությունը, սակայն, հայտնել է ճապոնական կողմին, որ սյունակում առկա տեսակետը չի համապատասխանում հրատարակության պաշտոնական դիրքորոշմանը։










