Իվանիշվիլին չի բացառել Սաակաշվիլիին հարցաքննության ենթարկելու հավանականությունը
Վրաստանի նախագահն անձեռնմխելի չէ, և եթե դատախազությունը հարցեր ունենա նրան, իսկ նման կասկածներ արդեն կան, մեծ է հավանականությունը, որ նա կհարցաքննվի։ Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։
Նա հիշեցրել է, որ արդեն մեկ տարուց ավելի է, որ Գերմանիայի նախագահի դեմ հետաքննություն է սկսվել։ Իսկ խոսքն ընդհանուր առմամբ 781 եվրոյի մասին է, որը նա ոչ թե կաշառք է վերցրել, այլ ինչ-որ մեկը նրա փոխարեն վճարել է հյուրանոցում։
«Այնպես որ նման հարց, թե կարո՞ղ է արդյոք նախագահը հարցաքննվել, չպետք է առաջանա։ Իհարկե, կարող է հարցաքննվել նաև նախագահը, եթե կան հարցեր կամ կասկածներ։ Դա նորմալ գործընթաց է։ Լավ կլինի, եթե Գերմանիայի նախագահի հետ կապված պատմությունն առաջին պլան մղվի, և ժողովուրդը տեսնի, թե ինչպես են ապրում Եվրոպայում։ Նախագահը ոչ Աստված է, ոչ էլ ստրկատեր։ Նա ժողովրդավարական երկրի նախագահ է (այդպես է անվանվում մեր երկիրը) և օրենքի առաջ պատասխան է տալիս այնպես, ինչպես ցանկացած այլ քաղաքացի»,-ասել է Իվանիշվիլին։
Նա հայտարարել է, որ եթե դատախազությունը հարցեր ունենա, իսկ նման կասկածներ կան, քանի որ ձերբակալվել է Սաակաշվիլիի ղեկավարման տարիների վարչապետը, հավանականությունը մեծ է, որ առաջ կքաշվի նաև Սաակաշվիլիի հարցաքննության հարցը։ «Դա նորմալ է»,-հայտարարել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ Եվրոպան դա նորմալ կընդունի։
Վարչապետը նաև մեկնաբանել է նախագահի հայտարարություններն այն մասին, թե նախկին վարչապետ Մերաբիշվիլիի ձերբակալությամբ նոր իշխանությունները դատական գործընթաց են սկսել նորագույն պատմության դեմ։ «Եթե նա կարծում է, որ նորագույն պատմությունը նրա գործունեության ժամանակաշրջանն է, ապա նորմալ է, որ նա, ով խախտել է օրենքը, պետք է պատասխան տա դատարանի առաջ»,-ասել է Իվանիշվիլին։










