Պաղեստինի և Իսրայելի ղեկավարները շուտով ստիպված կլինեն բարդ որոշումներ կայացնել. Քերի

18:06 • 24.05.13

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Պաղեստինի և Իսրայելի ղեկավարների հետ այսօր ավարտված երկօրյա բանակցություններն «արդյունավետ» է որակել։ Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ Թել Ավիվի օդանավակայանում։

 

«Մենք մոտ ենք այն պահին, երբ պաղեստինյան և իսրայելյան ղեկավարները պետք է դժվարին որոշումներ կայացնեն»,-ասել է Քերին։

 

Նա կողմերին կոչ է արել զերծ մնալ սադրանքներ իրագործելուց, «որոնք հետ են մղում գործընթացը», և փոխարենը կենտրոնանալ առկա ձեռքբերումների վրա՝ պաղեստինա-իսրայելյան ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ։

 

ԱՄՆ պետքարտուղարը երեկ իրավիճակը քննարկել էր Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի, վարչապետ Բինյամին Նեթանյահուի, արդարադատության նախարար Ցիպի Լիվնիի հետ, որը պատասխանատու է պաղեստինցիների հետ բանակցությունների համար։

 

Նույն օրը նա այցելել է Ռամալահ, որտեղ հանդիպել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Այնուհետ այսօր Քերին ևս մեկ անգամ հանդիպել է Նեթանյահուի հետ։

 

Այդ հանդիպումների ընթացքում Իսրայելն անհապաղ բանակցություններ սկսելու պատրաստակամություն է հայտնել, սակայն՝ առանց նախապայմանների։ Աբասը, սակայն, դարձյալ պահանջել է դադարեցնել շինարարությունը Հորդանան գետի արևմտյան ափին, ինչպես նաև ազատ արձակել իսրայելյան բանտերում պահվող դատապարտյալներին։