Գազի գնի բարձրացումը ընտրությունների շարունակությունն է, գերտերություններն իրենց պարտք են պահանջում. Ա. Մարտիրոսյան

14:26 • 24.05.13

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ գազի թանկացման տեսանկյունից Ռուսաստանը որոշակի պատժիչ գործողություններ է իրականացնում Հայաստանի նկատմամբ։ «Եթե մեր անկախության գինը պետք է լինի գազի գնի բարձրացումը, ես համաձայն եմ, բայց եթե անկախության գինը լինելու է գնի բարձրացումից հետո իշխանության ոչ ճիշտ քայլերը, ես դա չեմ ուզում»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։


Վերջինիս խոսքով՝ եթե Հայաստանի իշխանությունը խոցելի չլիներ, նույնիսկ գազի գնի այդքան բարձրացումը ազդեցություն չէր ունենա, բայց քանի որ մեզ մոտ «մոնոպոլիա» է, դա մեծ ազդեցություն է ունենում։ «Եվս մեկ անգամ կառավարությունը եկամուտների ոչ համաչափ բաշխման քաղաքականություն է վարում»,- նկատեց նա։


Ինչ վերաբերում է կառավարության կողմից գազի գնի 30% սուբսիդավորման հնարավորությանը, Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ եթե դա աշխարհաքաղաքական խնդիրների հետ կապ ունի, եվրոպացի գործընկերները կարող են ֆինանսապես էլ օգնել, բայց միևնույն է, նույնիսկ եթե այդ միջոցները լինեն, իր համար ընդունելի չէ սուբսիդավորման այդ ձևը։


«Իմ սեփականության հաշվին պետությունը գերշահույթներ կապահովի մի քանիսին, ուստի ես այդ մեխանիզմին կտրականապես դեմ եմ»,- ասաց նա։


Ըստ նրա՝ գերտերությունները նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ հղեցին, և հիմա, այսպես ասած, պարտքերը հետ են ուզում. «Մենք տեսնում ենք, որ այս ամենը շարունակությունն է նախագահական ընտրությունների, նրանք իրենց պարտք են պահանջում»։


Իսկ հաղթահարել այդ ամենը, հնարավոր է միայն մեկ ճանապարհով. «Եթե կա համախմբում, հռետորաբանությամբ առկա խնդիրները որևէ կերպ չեն լուծվի։ Դրա լավագույն ապացույցը բյուջեի քննարկումն էր ԱԺ-ում, 2007-ից սկսած նշվում է, որ պետք է 0,4-0,7% ստվերը կրճատվեր, բայց, ընդհանուր առմամբ, որևէ փոփոխություն չի եղել»։


Ըստ Մարտիրոսյանի՝ կառավարությունը ծառայում է այն սուբյեկտին, որն իրեն ստեղծել է, դա օլիգարխիան է, ուստի և սպասել ստվերի կրճատում, բնականաբար, այս քայլերով այդ հանգրվանին չենք հասնի։ «Եվ որքան էլ վարչապետը մտքեր արտահայտի մտածողության հեղափոխության մասին, դա պետք է անի էլիտան, իսկ մեր երկրում էլիտա չկա»,- ավելացրեց նա։


Իր առաջարկած հաջորդ քայլը նոր ընտրություններն են, սակայն եթե այնպիսի ընտրություններ լինեն, ինչպես նախորդները, ավելի լավ է չանեն, ավելորդ գումար չծախսեն իշխանությունները։ Հաջորդ քայլն այն է, որ ընդդիմությունը պետք է ստանձնի վերահսկողական լծակները։ «Եթե այս քայլերն իրականացվեն, մենք դուրս կգանք այն աղետից, որում հայտնվել ենք»,- նշեց նա։