Ձեռնպահ մնացեք երեխաներին ավտոմեքենա վստահելուց. ՃՈ-ն հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 7 ավտոմեքենա

12:13 • 24.05.13

Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»: Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ավտոմեքենա, իսկ մարզերում` 1 ավտոմեքենա:


ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև: