Պաշտոնական Դամասկոսը պատրաստ է մասնակցել Սիրիայի հարցով միջազգային համաժողովին. ՌԴ ԱԳՆ

14:55 • 24.05.13

Սիրիայի կառավարությունը համաձայնություն է տվել մասնակցելու այդ երկրում իրավիճակի կարգավորմանը նվիրված միջազգային համաժողովին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հաղորդել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

 

«Գոհունակությամբ նշում ենք, որ Դամասկոսը պաշտոնապես հաստատել է, որ Սիրիայի կառավարությունը կմասնակցի միջազգային համաժողովին՝ երկրի և տարածաշրջանի համար ավերիչ հակամարտության կարգավորման քաղաքական ուղիներ փնտրելու համար»,-այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Լուկաշևիչը։

 

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով միջազգային համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱՄՆ-ն և Ռուսաստանը, և այդ մասին հայտարարվել էր երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո։