Ներգաղթյալներն այրում են Ստոկհոլմը. անկարգությունները շարունակվում են արդեն 5-րդ օրը

14:40 • 24.05.13

Հանգիստ և խաղաղ Շվեդիայում արդեն 5-րդ օրն անընդմեջ տեղի են ունենում անկարգություններ, որոնց թիրախում են հայտնվել մայրաքաղաք Ստոկհոլմի արևմտյան և հարավային հատվածները, հայտնում է Euromag-ը։

 

Ըստ ոստիկանության տվյալների՝ անցած գիշերվա ընթացքում Ստոկհոլմի 15 թաղամասերում ներգաղթյալներն այրել են 15 մեքենա, ավերել դպրոցներ և սրճարաններ։ Իսկ կարգուկանոն հաստատել ցանկացող իրավապահներին ու հրշեջներին անկարգությունների հեղինակները սկսել են հարվածել քարերով։

 

«Անցած 24 ժամերի ընթացքում ոստիկանությունն արձանագրել է վանդալիզմի 80 դեպք։ Ձերբակալվել է 8 մարդ»,-ասել է Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Շչել Լինդբերգը։ Այժմ ոստիկանները փորձում են այնպես անել, որպեսզի ցուցարարները չկարողանան մուտք գործել մայրաքաղաքի կենտրոնական թաղամասեր։ 

 

Անկարգությունները սկսվել են երկուշաբթի. հարյուրավոր ներգաղթյալներ դուրս են եկել Ստոկհոլմի փողոցներն ու սկսել ավերել իրենց ճանապարհին եղած ամենը։ Նրանց խոսքերով՝ իրենց պահվածքը կապված է մայիսի 14-ին 69-ամյա տղամարդու սպանության հետ։

 

Հայտնի է, որ անկարգությունների կազմակերպիչները նեգաղթյալ ընտանիքների 12-19 տարեկան ներկայացուցիչներն են, ովքեր կազմում են Ստոկհոլմի աղքատ թաղամասերի բնակչության 80%-ը։ Նրանք լավ են հասկանում, որ աշխատանք գտնելու և առհասարակ շվեդական հասարակությանն ինտեգրվելու նրանց շանսերը չնչին են։

 


2012թ. Շվեդիան ռեկորդ է սահմանել երկիր ժամանած ներգաղթյալների թվի առումով՝ 110 հազար մարդ։ Նրանց մեծ մասը Սոմալիից է, Իրաքից ու Իրանից։ Կառավարությունը չի կարողանում կառավարել ներգաղթյալների նման հոսքը, քանի որ նրանց մեծ մասն ապրում է սոցիալական նպաստներով ու չի աշխատում։ Այժմ ներգաղթայլները կազմում են Շվեդիայի բնակչության 15%-ը։