ՌԴ-ն նախազգուշացրել է Գերմանիային Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ հնարավոր ահաբեկչության մասին
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի իր գործընկերներին տեղեկություն է հաղորդել Լոնդոնում մայիսի 25-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի հեռարձակման ժամանակ նախատեսվող հնարավոր հարձակման մասին, հայտնում է Life News-ը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին:
Զգուշացումը ստացվել է Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչություն: Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ իսլամիստները հարձակում են նախապատրաստում երկրպագուների համար նախատեսված գոտիներից մեկում, որոնք տեղակայված են Գերմանիայի խոշոր քաղաքներում:
Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը նաև տեղեկություն է հաղորդել կոնկրետ անձի մասին, որը կարող է մասնակցություն ունենալ հանցագործության կազմակերպմանը:
Իշխանությունների տեղեկացմամբ` ահաբեկիչները կարող են պայթյուններ իրականացնել Բեռլինում, Մյունխենում կամ Դորտմունդում տեղակայված տրիբունաներից մեկում:
Այս կապակցությամբ Գերմանիայի իրավապահ մարմիններն ուժեղացնում են անվտանգության միջոցառումները: Հստակ տվյալներ հարձակման վայրի կամ ժամի մասին չեն հաղորդվում:










