Շուրջ 50 փաստաբան պատրաստվում է դատադուլ անել ընդդեմ Վճռաբեկ դատարանի
Հունիսի 10-11-ը շուրջ 50 փաստաբաններ հայտարարելու են գործադուլ ու դատադուլ, որով իրենց բողոք են արտահայտելու Վճռաբեկ դատարանի դեմ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրանց բողոքն ուղղված է Վճռաբեկ դատարանի՝ գործերը վարույթ վերցնելու ու մերժելու սկզբունքներին, որը, ըստ նրանց, անկանխատեսելի է:
«Վճռաբեկ դատարանը կամայականության սկզբունքով է որոշում տվյալ գործը վերցնե՞լ վարույթ, թե՞ ոչ: Նույնիսկ չեն էլ պատճառաբանում, թե ինչու է գործը հետ ուղարկվել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ անցած տարի հունիսի 11-ին մոտ 550 փաստաբան դիմել էին բողոքի ակցիայի և չէին ներկայացել դատական նիստերի՝ բողոքելով իրենց պնդմամբ գործերի քննության փուլում տեղի ունեցող կամայականությունների դեմ։
«Անցել է մեկ տարի, բայց վճռաբեկ վարույթի ընդունման անկանխատեսելիությունը մնացել է նույնը: Այն գործերը, որոնք Վճռաբեկ դատարանը մերժում է, դրանք վարույթ է վերցնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և գտնում սխալներ ու վճիռներ կայացնում ՀՀ-ի դեմ։ Թե՞ վճռաբեկը ավելի լուրջ է, քան եվրոպական դատարանը: Վճռաբեկը պետք է իրեն մի փոքր նեղություն տա ու իջնի իր բարձրությունից»,- ասաց նա:
Դատադուլի որոշմանը միացած փաստաբան Նարինե Ռշտունին նշեց, որ իրենք պայքարելու են երևույթի դեմ՝ լինի հիսուն, թե հինգ հոգով:
Փաստաբան Գևորգ Դավթյանն էլ ընդգծեց, որ դատական ցանկացած խախտման համար հենց առաջին ատյանից սկսած պատասխանատուն պետք է լինի Վճռաբեկ դատարանը և, ըստ նրա, եթե վերջինս իր տեղում լինի, ապա ստորին դատարանները ավելի զգոն կլինեն ու ավելի քիչ սխալներ կանեն։
«Վերաքննիչը շատ անգամ իրար հակասող վճիռներ է կայացնում: Հաճախ դատավորները միանման գործերի վճիռները ուղղակի «քոփի փաստ» են անում: Եղել է դեպք, որ նույնիսկ դատական գործի կողմերից մեկի անունը դրա հետևանքով սխալ են գրել»,– ասաց նա:
«Հաճախ ականատես ենք լինում սուբյեկտիվ մոտեցումներ դատավորների կողմից, որոնք կարող են նաև կոռուպցիայի ու բարեկամ-խնամի հարաբերությունների հետևանք լինել»,- ընդգծեց փաստաբան և ավելացրեց, որ հենց Վճռաբեկ դատարանը պետք է նման սխալները շտկի:
Մեկ այլ փաստաբան Արա Զաքարյանը խոսեց այն մասին , որ հաճախ վճռաբեկ դատարանը բողոքը հետ է ուղարկում՝ նշելով, թե այն ճիշտ ձևակերպված չէ։ Նա ընդգծեց, որ մինչ օրս Վճռաբեկ դատարանը չի տվել այն հստակ օրինակը, որով առաջնորդվելով փաստաբանները կարող են գործն ուղարկել դատարան:










