Տավուշի մարզում կարկտահարության են ենթարկվել Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերը
Այսօր, ժամը 16.35-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.35-ի սահմաններում կարկտահարվել են Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
ԱԻՆ կայքում առկա հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նշված տարածքները չեն գտնվում ՀՀ ԱԻՆ հակակարկտային պաշտպանության տակ:
Դիտավանի գյուղապետ Հակոբ Սարիբեկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կարկուտի տևողությունը եղել է մոտ 3 րոպե, և գյուղին պատկանող ցանքատարածությունների որոշ հատվածներ վնասվել են, որոշները՝ ոչ։ Կարկուտը եղել է մանր, այժմ ճշտվում են վնասի չափերը։










