46 թիմերի ավելի քան 300 հեծանվորդներ այսօր Երևանում կմասնակցեն մրցույթ-հեծանվավազքի (լուսանկարներ)

17:02 • 26.05.13

Այսօր Շահումյան հրապարակից մեկնարկել է «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը։ Ավելի քան 300 հեծանվորդներ, որոնք ներկայացնում են 46 թիմեր, այսօր ամբողջ օրը կշրջեն Երևանով, մայրաքաղաքի հայտնի ու անհայտ վայրերով՝ իրենց երթուղին փորձելով վերծանել համապատասխան հանելուկների միջոցով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։


Մրցույթ-հեծանվավազքը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։


Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը նշել է, որ նախաձեռնությունը մի քանի նպատակ է հետապնդում. նախ՝ խրախուսել հեծանվով երթևեկությունը, հասկանալ, թե քանի երիտասարդ է հեծանիվներից օգտվում։ Կարեն Ավագյանը նկատել է, որ այս ծրագրով ցանկանում են ցույց տալ հանրությանը, որ հեծանիվներով հնարավոր է երթևեկել մայրաքաղաքով, անցնել տեսարժան վայրերով։


Նա նաև ասել է, որ հեծանիվն աստիճանաբար մտնում է մեր առօրյա, և ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում այլընտրանքային այս տրանսպորտային միջոցից օգտվել։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ Կարեն Ավագյանը տեղեկացրել է նաև, որ ինքն ազատ ժամերին հաճախ է մարզվում հեծանվով, և համոզված է, որ Հայաստանում շատ են այն պաշտոնյաները, ովքեր սիրում են վարել հեծանիվ։


«Հայասա» ԵՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այս նախաձեռնությանը միացել են բուհերի ուսանողները, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ընդհանրապես երիտասարդներ, ովքեր իրենց ընկերներով կազմել են թիմեր ու միացել այս մարզամշակութային միջոցառմանը։


46 թիմերն իրենց երթուղին երեկոյան կավարտեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնում. այստեղ հասած առաջին երեք թիմերը կդառնան հաղթող։ «Փլեյ Սիթիում» կանցկացվի նաև թիմերի ղեկավարների մրցույթ, մրցանակաբաշխություն, մշակութային ծրագիր։