Հնդկաստանում զինյալ մաոիստների հարձակման զոհ է դարձել 28 մարդ

16:26 • 26.05.13

Առնվազն 28 մարդ է զոհվել և 24-ը վիրավորվել Հնդկաստանի Չհատիսգահր նահանգում՝ Հնդկաստանի ազգային կոնգրես կուսակցության տեղական ստորաբաժանման ներկայացուցիչների ավտոշարասյան վրա զինյալ մաոիստների հարձակման հետևանքով։


Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ տվյալներն այսօր հրապարակել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։
 

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները վերադառնալիս են եղել Բաստար շրջանում կայացած հանրահավաքից։ Զոհվածների թվում է կուսակցության նահանգային մասնաճյուղի ղեկավար Մահենդրա Կարման։

Կուսակցության նախագահ Սոնյա Գանդին և Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը դատապարտել են հարձակումը՝ այն անվանելով հարձակում ժողովրդավարական արժեքների դեմ։


Նահանգի իրավապահ մարմինները սկսել են հատուկ գործողություն՝ զինյալներին հայտնաբերելու համար։
 

Մինչև տարեվերջ Հնդկաստանի կենտրոնական հատվածներում գտնվող այս նահանգում տեղական կառավարման ընտրություններ են տեղի ունենալու։


Զոհված Մահենդրա Կարման ակտիվ հակամաոիստական քարոզչություն էր տանում տարածաշրջանում և անձամբ էր հետևում զինյալների դեմ գործողություններին։ 2011թ. հունվարից մաոիստական խմբավորումների գործունեության արդյունքում զոհվել է ավելի քան 500 մարդ։ Հնդկաստանում նրանց համարում են ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Այդ ժամանակահատվածում նրանք ավելի քան 1400 հարձակումներ են իրականացրել խաղաղ բնակիչների, իրավապահ մարմինների վրա։