Փարիզում հազարավոր ցուցարարներ բողոքի ցույց են կազմակերպել միասեռ ամուսնությունների դեմ

19:21 • 26.05.13

Ֆրանսիայում միասեռ ամուսնությունների դեմ խոշորագույն հանրահավաք է մեկնարկել: Երթին մասնակցում են հարյուր հազարավոր ցուցարարներ երկրի ողջ տարածքից, տեղեկացնում է Life news-ը:


Միասեռական ամուսնությունների օրինականացման դեմ բողոքողները ցույց են կազմակերպել Փարիզում մայրերին նվիրված օրը՝ մայիսի 26-ին:


Կազմակերպիչների խոսքով՝ քաղաքի տարբեր թաղամասերից հավաքված ցուցարարները հետիոտն շարքերով կհասնեն քաղաքի կենտրոն, որտեղ կանցկացվի զանգվածային հանրահավաքը: Փարիզում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները. հասարակական կարգուկանոնին հետևելու են շուրջ 4500 ոստիկաններ:


Բողոքի ցույցն օրինագծի դեմ, որը մայիսի 18-ին հաստատվել է խորհրդարանի և ստորագրվել նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից, պետք է հավաքի 150-200 հազար ցուցարարների: Միևնույն ժամանակ Փարիզի ոստիկանությունն արդեն ձերբակալել է 50 առավել ակտիվ ցուցարարների, ովքեր նախօրեին դեմարշ էին կազմակերպել Ելիսեյան դաշտերի մոտ:


Նմանատիպ ցույցեր Փարիզում արդեն անցկացվել էր մարտին: Չնայած բնակչության զանգվածային բողոքներին՝ մայիսի 29-ին արդեն նշանակված է առաջին միասեռ ամուսնությունը: Նոր օրենքի համաձայն՝ այժմ միասեռականները կարող են ոչ միայն օրինականացնել իրենց հարաբերությունները, այլև երեխա որդեգրել:


Ֆրանսիան 14-րդ երկիրն է, որն օրինականացրել է միասեռ ամուսնությունները: