Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպմանը. ակնկալվում է նաև Սերժ Սարգսյանի մասնակցությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղն առավոտյան կմեկնի Բիշքեկ, որտեղ հանդիպում կունենա Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահներ Ալմազբեկ Ատամբաևի և Էմոմալի Ռահմոնի հետ։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Պուտինը մասնակցելու է նաև ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի ընթացքում քննարկվելու են Աֆղանստանից եկող սպառնալիքների հակազդեցությունը՝ պայմանավորված 2014թ.-ին Աֆղանստանից միջազգային ուժերի դուրսբերման հետ։
Որևէ փաստաթղթի ստորագրում՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում չի նախատեսվում։
Ակնկալվում է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև կազմակերպության շրջանակներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։
ՌԴ նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ակնկալվում են նաև երկկողմ հանդիպումներ։










