Սարդարապատի հերոսամարտի հաղթանակից անցել է 95 տարի

14:21 • 26.05.13

95 տարի առաջ այսօր օրերին հայ ժողովուրդը տարավ ազատագրական պայքարի իր փայլուն հաղթանակներից մեկը՝ մայիսյան հաղթանակների շարքում ավելացնելով Սարդարապտի հերոսամարտի էջը:


Հերոսամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-27-ը՝ հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև:
1917 թ. հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։
Թուրքերն օգտվեցին նման վիճակից և 1918թ. փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև Արևելյան Հայաստանը։ Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։


Երկրամասի պաշտպանության գործը ստանձնեց Երևանի նահանգի փաստացի դիկտատոր Արամ Մանուկյանը: Նրա հրահանգով Սարդարապատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի Երևանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, վանաձորյան ուղղության զորքերը ղեկավարելու էր Հայկական կորպուսի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը: Մայիսի 21-ին Ապարանի մոտ ձևավորված ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի ռազմական կոմիսար Դրաստամատ Կանայանը՝ Դրոն:
Առաջին խմբավորումը Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով հարձակվեց մայիսի 21-ին։ Թուրքական զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, հրետանային մարտկոց (50 հրանոթ): Մայիսի 22-ին արդեն զինված էր ողջ ժողովուրդը։ Ջոկատներ կազմած աշխարհազորայինները շտապում էին միանալ հայ ազգային զորամասերին: Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 26-ը:


Ծանր կորուստներ կրելով թուրքական բանակը նահանջեց և Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով: Ճակատամարտում իրենց քաջությամբ աչքի ընկան ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-լեյտենանտ Դանիել Բեկ-Փիրումյանը, ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-մայոր Պողոս Բեկ-Փիրումյանը, փոխգնդապետ Կարո Հասանփաշյանը, կապիտան, հետագայում Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, եպիսկոպոս, հետագայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը, ապագա գրող Ակսել Բակունցը, բազմաթիվ ֆիդայիներ։


Նշենք, որ մեծ է եղել եզդի ազգի և նրա զորահրամանատար Ջհանգիր աղայի ներդրումը Սարդարապատի հերոսամարտում: Ճակատամարտում մասնակցել է մոտ 8.500 հայ և մոտ 500 եզդի մարտիկ: Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար: 1918թ. մայիսի 28-ին հիմնադրվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը:
1968թ. ճակատամարտի վայրում կառուցվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, որի հեղինակն է Ռաֆայել Իսրայելյանը:


Պատմական փաստերը՝ Վիքիպեդիայի