Նոյեմբերյան-Բագրատաշեն շրջվել է «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուս. կա 1 զոհ, 13 վիրավոր, 1-ի վիճակը ծանր է (թարմացված)
Այսօր առավոտյան ժամը 08.42-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում շրջվել է «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուս, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33 ՕՕ 476 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ` 1957թ. ծնված Կ.Կոջողլյան) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1961 թ. ծնված Ա. Թորոսյանը տեղում մահացել է, իսկ 13 ուղևոր՝ տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի ԲԿ:
Tert.am-ին ԱԻՆ-ի հերթապահ մասից հայտնեցին, որ միկրոավտոբուսում եղել են 19 հոգի, որոնցից 4-ը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և չեն տեղափոխվել հիվանդանոց։ Հիվանդանոց չի տեղափոխվել նաև վարորդը, ով վնասվածքներ չի ստացել, ինչպես նաև մահացած քաղաքացին։
12.14
Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել 13 ուղևոր, ովքեր տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ Նատալյա Արմագանյանցի (1951 թ.), Մանուկ Ղազարյանի (1987 թ.), Արամ Խաչատրյանի (1965 թ.), Հովհաննես Հովհաննիսյանի (1960 թ.), Գոռ Խաչատրյանի (1975 թ.), Ռուբիկ Խաչատրյանի (1961 թ.), Սամվել Խաչատրյանի (1965 թ.), Արտյոմ Հակոբյանի (1974 թ.), Հրաչյա (1954 թ.) և Արթուր (1985 թ.) Խաչատրյանների, Անուշ Ղարբազյանի (1976 թ.) և Լյովա Պապոյանի (2000 թ.) առողջական վիճակները բժիկները գնահատել են բավարար, իսկ Լիաննա Մկրտչյանինը (1996 թ.)` ծանր:










