Հողը մշակողը՝ գյուղացին է այս երկրի առաջին հայրենասերը. «ՄԱՊ-ի Ալիկը» գյուղացուն օգնելու կոչով է դիմում
Արմավիրի թիվ 21 ընտրատարածքից ընտրված հանրապետական պատգամավոր Ալիկ Պետրոսյանը (առավել հայտնի ՝ որպես «ՄԱՊ-ի Ալիկ», քանի որ նրա անվան հետ է կապվում ալկոհոլային խմիչքների և պահածոների արտադրությամբ զբաղվող ՄԱՊ ընկերությունը), ում նախաձեռնությամբ ստեղծվել է բնական աղետներից տուժածների կարիքների հիմնադրամ, դիմում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուներին, հայաստանյան 80 կուսակցություններին, միջազգային դոնոր կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին և Հայաստանից ու Սփյուռքից բոլորին՝ օգնելու կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղացիներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատգամավորը ասելով, որ այսօր իրական հայրենասերը հայ գյուղացին է՝ հողը մշակող մարդը, հայտարարեց. «Առաջինը էդ 1000-ի մեջ (նկատի ունի խոշոր հարկատուներին) պետք է աջակցություն ցույց տան գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունները: Դիմում եմ Հայաստանում գործող 80 կուսակցություններին, որոնք առիթը բաց չեն թողնում ժողովրդին իրենց նվիրվածությունը ներկայացնելու համար: Շատ լավ առիթ է, որ ամեն մեկը ցույց տա, թե ինքն ինչքանով է կանգնած գյուղացու կողքին»,- ասաց պատգամավորը, ով գոհ է այս հարցում պետական աջակցությունից:
Մասնավորապես Ոստիկանությունը խոստացել է հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել 11 միլիոն դրամ, Ազգային ժողովի բոլոր 131 պատգամավորները, Կենտրոնական բանկը ևս խոստումներով են հանդես եկել:
Սակայն, այսօր հիմնադրամի հաշվին նստած կոնկրետ գումարի մասին նախաձեռնության հեղինակը ոչինչ չի կարող ասել, քանի որ անցած օրերը եղել են ոչ աշխատանքային և բանկային գործարքներ չեն կատարվել: «Ես ասել եմ, այդ մարդիկ ոչ մուրացկան են, ոչ … չաշխատող, աշխատասեր հողի մարդիկ են, որոնք և շատ խելք ունեն, և՛ շատ հայրենասեր են, և այսօր հողի վրա աշխատելն ու բարիք ստեղծելը հայրենասիրության արդյունք է, հետո նոր մնացածը»,- ասաց պատգամավորը և ավելացրեց. «Մի օր շուտ գյուղացին կարողացավ բերքը վերցնել, իմացեք, որ ողջ Հայաստանի Հանրապետության բնակչությունը ավելի էժան է այդ միրգը առնելու: Որովհետև հնարավոր չէ, եթե 11 հազար հեկտարի վրա ոչ մի գյուղմթերք չկա, բնամթերքը, պտուղը, բանջարեղենը անպայման կթանկանա»:
Հիշեցնենք, որ հիմնադրամը, որ գործելու է մինչև այս տարվա օգոստոսի մեկը՝ օգնելու է Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած 12 000 հազար ընտանիքներին կամ 60 000 հազար արմավիրցիներին:
Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե կառավարությունից «սառնություն» չի՞ զգում իր նախաձեռնության հանդեպ, մասնավորապես, որ հանկարծ Արմավիրի մարզը նախադեպ չդառնա, և, ի վերջո, ի՞նչն էր պատճառը, որ Կենտրոնական բանկը գյուղացիները մի քանի իրարամերժ տեղեկություն հայտնեց գյուղացիների վարկերը սառեցնելու մասին, սակայն, ի վերջո, սառեցրեց, ՀՀԿ-ական պատգամավորը ակնհայտորեն քննադատեց կառավարությանը, ասելով, որ պետք չի օգտագործել «սառեցնել» բառը: Խոսքը վարկերի մայր գումարն ու տոկոսները հետաձգելու մասին է: «Մեր բոլորիս տպավորությունն այն էր, որ վարկը սառեցվում է, բայց իրականում ինքը վարկը չի սառեցնում, այլ վարկի մուծման ժամկետը երկարաձգում է, հետաձգում է»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ եթե օգտագործվեր «հետաձգել» բառը, բոլորը միանգամից կհասկանային, որ գյուղացին այսօր չի տալու, բայց երեք տարի հետո տալու է այդ գումարը:
Ալիկ Պետրոսյանը նշեց, որ Արմավիր մարզի տուժած համայնքներում վարկային փաթեթը կազմում է 9 միլիարդ դրամ, որի ընդհանուր վարկային միջին տոկոսադրույքը կազմում է 24 տոկոս: Ըստ պատգամավորի՝ չի կարելի գյուղացուն 24 տոկոսով վարկ տալ:
«Իսկ երբ որ բանկիրներն ասում են՝ պահանջարկ կա, ես շարունակեմ իրենց միտքը, մարդու էրեխեն երբ որ սոված է, իր համար խնդիր չէ՝ այդ վարկը 20, թե՞ 24 տոկոս է: Այսինքն՝ եթե հացը թխեին բանկիրները, նրանք կարող էին հացը ծախել 500 կամ 200 դոլարով. պահանջարկ կա՞»,- ոչ առանց հեգնանքի հարցադրում արեց պատգամավորը և ավելացրեց. «Որովհետև ուտելու պահանջարկ կա. մարդը որ չուտի, կմեռնի»:
Ամենամեծ խնդիրը ՀՀԿ-ական պատգամավորը համարում է այն, որ այսօր Հայաստանում չկա գյուղատնտեսության մասին օրենք: Այսինքն՝ բոլոր ոլորտները կարգավորող օրենքներ ունեն՝ գյուղատնտեսությունը ոչ:
Աշնանը Ալիկ Պետրոսյանն այս օրենքի կապակցությամբ քննարկումներ կծավալի և առաջին հարցը, որ դրված է որպես օրենսդրական կարգավորման թիրախ, վարկերի տոկոսներն իջեցնելն է:










