Իրանի հետ նոր բանակցային փուլն անհրաժեշտ է անցկացնել ընտրություններից հետո. Էշթոն
Եվրոպական Միության դիվանագիտական առաքելության ղեկավար Քեթրին Էշթոնը գտնում է, որ Թեհրանի և «միջնորդ վեցյակի» միջև բանակցային նոր փուլն ավելի ողջամիտ է անցկացնել Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո (անցկացվելու են հունիսի 14-ին)։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, Էշթոնն ընդգծել է, որ նախագահական ընտրությունների ավարտին սպասելու անհրաժեշտություն կա այն պատճառով, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին ևս նախագահի թեկնածու է։
«Կարծում եմ՝ մենք պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչպիսին է լինելու ընտրությունների ելքը։ Կախված նրանից, թե ով կընտրվի, բանակցային գործընթացում կարող են ի հայտ գալ նոր տեսակետներ»,-ասել է Էշթոնը Բրյուսելում ԵՄ-ի 27 անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։










