Ավստրալացի բուժեղբայրը խոստովանել է, որ ողջ-ողջ այրել է ծերանոցի 11 թոշակառուի

11:51 • 27.05.13

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի ծերանոցի բուժաշխատակից Ռոջեր Դինը 2 տարի անց խոստովանել է, որ 2011-ին նա է այրել հաստատությունը, որի հետևանքով մահացել է 11 տարեց մարդ, հայտնում է Russia Today-ը։

 

Այրելով ծերանոցը՝ նա սկսել էր օգնել մարդկանց փրկվել և նույնիսկ մի քանի հարցազրույց տվել տեղական հեռուստաալիքներին։ Սակայն իրավապահները չէին հավատացել «հերոսին» և հարցաքննել էին նրան, ինչի արդյունքում, 2 տարի անց, նա խոստովանել է կատարվածը։

2011-ին բռնկված հրդեհը խլել է 11 մարդու կյանք, 8 մարդ վիրավորվել էր։

 

Պարզվել է, որ 37-ամյա բուժեղբայրը հաստատությունից գողացել է ծերերի համար նախատեսված ուժեղ ցավազրկող դեղամիջոցները։  Ծերանոցի ղեկավարությունը, զգալով դեղամիջոցների պակասը, դիմել էր ոստիկանություն։

 

Իրավապահներն էլ պարզել են, որ ավստրալացին այրել է հաստատությունը՝ իր հանցագործության հետքերը թաքցնելու համար։

Ըստ իրավաբանների՝ դատարանը նրան կարող է ազատազրկել ցմահ։