ՀԱՊԿ-ը կավելացնի ռազմական պոտենցիալը՝ Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման ֆոնին
Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման ֆոնին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ռազմական պոտենցիալի ավելացումը կազմակերպության զարգացման առաջնահերթ ուղղություններից է։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների նախագահությունը ստանձնած Ղրղըզստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Թաալայբեկ Օմուրալիևը։
«Ղրղըզստանը կձգտի միջազգային հանրությունում ՀԱՊԿ-ի հեղինակության բարձրացմանը, անդամ երկրների ռազմական պոտենցիալի ավելացմանը՝ Աֆղանստանում կոալիցիոն ուժերի կրճատումների ֆոնին»,- ասել է Օմուրալիևը Բիշքեկում այսօր անցկացված ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ավարտին, որին, ի դեպ, մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նիստի աշխատանքներին, բացի Հայաստանից և Ղրղըզստանից, մասնակցել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները։
Ռազմական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են նաև մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը։










