Իջևանից մենակ էսօր 6 հատ ավտոբուս ա գնացել. գետահովիտցին «գաղթի» ու գյուղի խնդիրների մասին
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Գրիգոր Մակինյանը, ով, ի դեպ, գյուղը լքել և ընտանիքով բնակվում է մայրաքաղաքում, Tert.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց. «Տղերքն ասեցին, որ Իջևանից մենակ էսօր (կիրակի) 6 հատ ավտոբուս ա գնացել»։
Գրիգոր Մակարյանը մարդկանց հեռանալը ոչ թե արտագաղթ է համարում, այլ գաղթ: «Գաղթ ա սկսել, գաղթ: Սենց գաղթ դեռ չի եղել»,- ասաց նա, իսկ հարցին թե գուցե նախորդ տարիների նման ուղղակի գնում են արտագնա աշխատանքի՞, պատասխանեց. «Ամռանը ե՞րբ ես տեսել գնան աշխատելու, խոպանչին գարունը բացվում ա, գնում ա, սրանք ընտանիքներով են գնում, ով գնացել ա, հիմա էլ ընտանիքին ա տանում»,- ասաց նա:
Գետահովիտցին չի կարծում, որ սկսած գաղթը միայն աշխատանք չլինելու պատճառով է:
«Չեմ հասկանում, ինչի՞ են սենց վեր կացած գնում… սենց որ նայեք Իջևան մտնող ճանապարհը լրիվ խանութներ են, շենքեր են սարքել, որ ասեմ շարժ չկա՝ կա, բայց թե ինչի՞ չեն մնում, չգիտեմ: Եթե դա զարգացում ա... զարգացո՞ւմ ա, թե՞ անկում ա, անկում ա»,- իրավիճակը ներկայացրեց նա:
Նրա մտահոգությունը միայն սկսած գաղթով չի սահմանափակվում. «Ժողովուրդը տարբեր մտածելակերպ ունի, դե հիմա էլ նոր թանկացումներ են գնում, հետաքրքիր է հիմա ո՞նց կլինի»:
Գրիգոր Մակինյանը գյուղ է գալիս ոչ միայն երբ ազատ ժամանակ է գտնում, այլ նաև ընտրություններին, ու չի էլ թաքցնում. «Էս նախագահականին ընտրել եմ մեր նախագահին, գործող նախագահին»: Հարցին, չի սպասում, թե ինչու, անմիջապես վրա է բերում. «Կռված տղա եմ, դրա համար երևի»:
Փոփոխություններին գետահովիտցին դեմ չէ, բայց չի ուզում, որ Արևմուտքի մատնանշած ճանապարհը դա լինի: «Եվրոպան իրա «պադվալներում» գաղթյալներ ա պահում, որ երեխաներ ունենա, որ իրանց վերացող ազգը գոնե տենց փրկի, հիմա եկել ա մեզ ի՞նչ ա ուզում սովորացնի: Սոցիալապես ապահով երկիրն են ոնց որ, բայց երեխա չեն ունենում, որովհետև տղեն տղին ա սիրում, աղջիկն՝ աղջկան, բա ի՞նչ են ուզում լինի, տենց պետք ա անեն, որ չոչնչանան, մեր պես երկրներից տանեն, իրանց ուզածով դաստիարակեն ու դարձնեն եվրոպացի»,- բացատրում է նա:
Իսկ սեփական ուժերով հաղթահարել նման ծանր վիճակը, պարտադրել փոփոխություն, նա չի կարծում, թե հայերն ընդունակ են, չնայած, որ պայքարող հայ տեսակի մասին կասկած անգամ չունի. «Մեր ազգը պայքարում ա, լավ էլ պայքարում ա, էնա մենք իրար դեմ չենք պայքարո՞ւմ: Մեր ազգի մեջ հեղափոխություն չի եղել ու չի էլ լինի: Բայց օտարների դեմ միշտ էլ կռվել է: Հնարամիտ ազգերը հեղափոխություն չեն անում, սրանք գործ են ուզում, գործ տվեք ու տեսեք ինչ կանեն: Էս գնացողները երկու-երեք տարի հետո որտեղ գնացին, էդ գյուղի ամենալավ տունն են սարքում, ամենահարուստն էլ իրանք են»,- բացատրում է նա, իսկ թե ինչու իրենց հայրենիքում չեն կարողանում այդ ամենը ստեղծել՝ կատակում է. «Շատ են ուզում ունենան, դրա համար չեն կարում»:
Գետահովիտցու երազանքն է վերադառնալ հայրենի գյուղ, մի քանի ցլիկ, կով պահի, գնա դաշտ խոտհունձ անի տղայի հետ, գյուղի դպրոցում շարունակի դասավանդել, իսկ այ եթե մի քիչ շատ փող ունենա, դպրոցում երեխաների համար բուֆետում ամեն առավոտ կաթ կմատակարարի:
«Էս Երևանի մի քանի դպրոցներում, հովանավոր բան ունեն, տեսել եմ ոնց են երեխեքին առավոտները կաթ տալիս, հետո արդեն գալիս են ճաշ են ուտում, շատ հաճելի ա: Գյուղում էլ կուզեի տենց լինի»,- ասաց նա:
Իսկ թե երբ գյուղ կվերադառնա, միշտ որոշում է, բայց այդպես էլ կոնկրետ քայլ չի անում:










