2013թ-ը կարող է բեկումնային լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. ԵԽԽՎ նախագահ

11:18 • 27.05.13

«2013թ-ը կարող է բեկումնային լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,-հայտարարել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ, կենտրոնակայանը՝ Ֆրանսիա, Ստրասբուրգ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:



Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Մինյոնը, անդրադառնալով 2013-2014թթ-ին Հայաստանի և Ադրբեջանի կողմից Եվրոպայի Խորհրդի Նախարարների հանձնաժողովի նախագահության ստանձնմանը, նշել է, որ դա փայլուն հնարավորություն է  ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու համար: «Մեզ թվում է, որ 2013թ-ը կարող է բեկումնային լինել, քանի որ Հայաստանին և Ադրբեջանին հստակ քայլեր ձեռնարկելու հնարավորություն է ընձեռվելու. Հայաստանը և Ադրբեջանը նախագահելու են Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովում: Իսկ Նախարարների հանձնաժողովի ստեղծման գլխավոր նպատակներց մեկը հակամարտությունների կանխարգելումն ու առկա հակամարտությունների կարգավորումն է: Ցանկանում եմ նշել, որ այս առումով Հայաստանին ու Ադրբեջանին այս տարի հնարավորություն է ընձեռվել: Նրանք պետք է օգտվեն այդ հնարավորությունից, գնահատեն պատմական այդ պահը և հստակ քայլեր ձեռնարկեն հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: 2013-ը նշանավոր տարեթիվ է. 50 տարի առաջ ստորագրվեց Ելիսեյան համաձայնագիրը, որը վերջ դրեց Ֆրանսիայի և Գերմանիայի հակամարտությանը (1963թ. հունվարին Ֆրանսիայում, Ելիսեյան պալատում Փարիզի և Բեռլինի միջև կնքվեց Ֆրանս-գերմանական համագործակցության համաձայնագիրը, որը վերջ դրեց հարևան երկու ժողովուրդների դարավոր թշնամանքին-Tert.am): Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են խաղաղության համաձայնագիր կնքել: ԵԽԽՎ-ն ունի բոլոր հնարավորությունները երկու կողմերին հաշտեցնելու համար»,-ասել է նա:

 

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ ԼՂ հարցը կարգավորելու ուղղությամբ ինքն անձամբ ևս քայլեր է ձեռնարկում:  «Նստաշրջանների, ինչպես նաև այլ հանդիպումների ժամանակ ես աշխատում եմ հանդիպել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներ հետ, նրանց հետ լրջորեն քննարկել ԼՂ հարցը: Բացի այդ, ես մշտապես կապ եմ հաստատատում ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահի հետ և նրանից տեղեկություն ստանում բանակցությունների ընթացքի վերաբերյալ»,-նշել է ԵԽԽՎ նախագահը:



«Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը գործունեութունը դադարեցված է (2009-ին-Tert.am), և մենք այժմ մտածում ենք ենթահանձնաժողովին փոխարինող նոր ձևաչափ գտնելու ուղղությամբ»,-ընդգծել է պաշտոնյան:



Մինյոնը պաշտոնական այցով Բաքու է ժամանել մայիսի 26-ին. ԵԽԽՎ նախագահն արդեն հանդիպել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևին, նախանշված են հանդիպումներ նաև արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովների անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մայիսի 28-ին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանից մեկնելու է Վրաստան (մայիսի 28-29), ապա ժամանելու է Հայաստան: Մայիսի 31-ին Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ և Հայաստանի նախագահությամբ մայրաքաղաք Երևանում կանցկացվի ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը:


Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԽԽՎ Նախարարների հանձնաժողովի նախագահությունը պաշտոնապես ստանձնել է շաբաթներ առաջ: Հայաստանը ԵԽ Նախարարների հանձնաժողովում նախագահելու է մինչև այս տարվա նոյեմբեր, որից հետո նախագահությունը փոխանցվելու է Ավստրիային: Արդեն 2014թ.-ի մայիսից ԵԽ Նախարարների հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու է Ադրբեջանը:

 

 

 

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

 


1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախանալու օգտին։ Դրանից հետո սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը (1921 թ-ին հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի կազմի մեջ) Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 


1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին համաձայնագիրը. հակամարտության գոտում ավարտվեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը պահպանվում է մինչև այժմ։

 


1992 թ-ից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ են ընթանում: