Նախնական արդյունքներով՝ Նոր Հաճընում, Վարդանաշենում, Նուռնուսում և Ախուրիկում վերընտրվել են համայնքների գործող ղեկավարները
Երեկ Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում, ըստ նախնական արդյունքների, վերընտրվել են գործող ղեկավարները: Նոր Հաճընում վերընտրվել է գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը՝ 3 758 ձայնով: Իսկ նրա մրցակից Շուշանիկ Նազարյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատում է որպես խորհրդատու, ստացել է 535 ձայն։
Արմավիրի Վարդանաշենում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում, ըստ նախնական արդյունքների, վերընտրվել է Վարդանաշենի գործող գյուղապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Մանուկյանը՝ 296 ձայնով:
Հիշեցնենք, որ Վարդանաշեն համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեժ մրցակցություն էր ընթանում. առաջադրված թեկնածուներից էին Վարդանաշենի գյուղապետարանի աշխատակազմի ինքնաառաջադրված քարտուղար Աշոտ Հայրապետյանը, ով ստացել է 83 ձայն, ինքնաառաջադրված անկուսակցական Գրիգոր Սահակյանը, ով ստացել է 27 ձայն
և ինքնաառաջադրված Հայկ Սահակյանը, ով ստացել է 116 ձայն:
5-րդ թեկնածուն՝ ինքնաառաջադրված անկուսակցական Կարեն Հովհաննիսյանն էլ ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:
Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում վերընտրվել է համայնքի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մնացական Գևորգյանը՝ ստանալով 253 ձայն, իսկ անկուսակցական Վանիչկա Ոսկանյանը 10 ձայն է ստացել:
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը, ով ստացել է 317 ձայն: Իսկ նրա մրցակից Սարգիս Սարգսյանը ստացել է 176 ձայն:










