Մահացել է երեկ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին վթարված ուղևորներից ևս մեկը՝ 17-ամյա Լիանա Մկրտչյանը
Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ում երեկ վթարված «Մերսեդես» մակնիշի 33 ՕՕ 476 պետհամարանիշի կողաշրջված միկրոավտոբուսի ուղևորներից Գյումրիի 17-ամյա բնակչուհի Լիանա Մկրտչյանը նույն օրը երեկոյան մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Այս մասին Tert.am –ին հայտնեց բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկուհին: «Մեզ մոտ ինքը երևի մի տասը րոպե մնացել ու մահացել է»,- ասաց բժշկուհին՝ նշելով, որ նախքան մահանալը աղջիկը ապրել է կլինիկական մահ:
Հիշեցնենք, որ երեկ 19 հոգուց բաղկացած վթարված միկրոավտոբուսի ուղևորներից տեղում մահացել էր ևս մեկը՝ 1961 թ. ծնված Ա. Թորոսյանը: Վարորդը և 4 ուղևորներ թեթև մարմնական վնասվածքներ էին ստացել և չէին տեղափոխվել հիվանդանոց։
Ինչ վերաբերում է մյուս ուղևորներին, ապա հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել Նատալյա Արմագանյանցին (1951 թ.), Մանուկ Ղազարյանին (1987թ.), Արամ Խաչատրյանին (1965թ.), Հովհաննես Հովհաննիսյանին (1960թ.), Գոռ Խաչատրյանին (1975թ.), Ռուբիկ Խաչատրյանին (1961թ.), Սամվել Խաչատրյանին (1965 թ.), Արտյոմ Հակոբյանին (1974 թ.), Հրաչյա (1954 թ.) և Արթուր (1985 թ.) Խաչատրյաններին, Անուշ Ղարբազյանին (1976 թ.) և Լյովա Պապոյանին (2000 թ.), որոնց առողջական վիճակները բժիշկները գնահատել էին բավարար:










