Մարսի վրա մշտական բնակություն հաստատել ցանկացողների ավելի քան 10 տոկոսը չինացիներ են

08:00 • 28.05.13

Mars One իռլանդական կազմակերպության միջազգային նախագծին մասնակցելու համար, որը նախատեսում է մեկ ուղղությամբ թռիչք դեպի Կարմիր մոլորակ, հայտ են ներկայացրել շուրջ 10.000 չինացիներ, հայտնում է Russia Today-ը:

 

Ինչպես նշում է հոդվածագիրը, փորձագետների կարծիքով չինացիների՝ Մարս մեկնելու պատրաստակամությունը պայմանավորված է ոչ թե ռեալիթի շոուին մասնակցելու, այլ իրենց երկիրը լքելու հուսահատ ցանկությամբ:

 

Հիշեցնենք, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է 2023-ին Մարս ուղարկել առաջին չորս կամավորներին, ովքեր մշտական բնակություն կհաստատեն այնտեղ` ռոբոտ սարքերի միջոցով նախապես կառուցված բնակավայրերում:

 

Այս պահին ամբողջ աշխարհից ավելի քան 80.000 մարդ դիմում է ներկայացրել, որոնց շրջանում Չինաստանի քաղաքացիները քանակով երկրորդ տեղն են զբաղեցնում ԱՄՆ-ի բնակիչներից հետո: Չնայած այն հանգամանքին, որ կամավորներն այլևս Երկիր մոլորակ չեն վերադառնալու, չինացիները մեծ ցանկություն ունեն հեռանալու իրենց հայրենիքից: Նրանցից շատերը, ինչպես տեղեկացնում է աղբյուրը, նույնիսկ նշել են, որ որոշել են մասնակցել Mars One-ի նախագծին` որպես բողոքի նշան՝ ուղղված երկրի իշխանություններին: