Գյումրու քաղաքապետն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Մայիսի 27-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունել է դեսպանին և վերջինիս խնդրանքով ներկայացրել քաղաքում վերջին շրջանում կատարված աշխատանքները, առանձնահատուկ կանգ առնելով հունիսի 30-ին նախանշված «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների կազմակերպչական մասի վրա:
Օգտվելով առիթից Սամվել Բալասանյանը պաշտոնապես հրավիրել է Ջոն Հեֆերնին և նրա տիկնոջը ներկա գտնվելու միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը, ինչը և ընդունվել է դեսպանի կողմից: Այնուհետև կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր, ինչպիսիք են օրինակ՝ Գյումրու թատրոնի հին շենքի վերականգնման համար հնարավոր ֆինանսական միջոցներ հայթայթելը: Այս կապակցությամբ դեսպանը քաղաքապետի հետ կիսվել է իր գաղափարներով:
Նույն օրը Գյումրու քաղաքապետն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը ներկա են գտնվել «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցադրությանը, որն անցկացվել է Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը:










