Խոշոր ՃՏՊ-ներ Տաշիրում և Նոյեմբերյանում (լուսանկարներ)
Մայիսի 28-ին, ժամը 18.26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր - Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (փրկարարական): Պարզվել է, որ Երևան - Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 08ՏՏ864 և «Օպել Վեկտրա» մակնիշի 23DD414 պետհամարնիշներով ավտոմեքենաները, ինչից 1941թ. ծնված Հ.Հովսեփյանը տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ն. Դավոյանը (ծնվ.1959թ.), ուղևորներ Ս. Սուքիասյանը (ծնվ.1959թ.), Արման և Արգամ Պողոսյանները (ծնվ.2005 թ. և 2009թ.), «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Հովսեփյանը (ծնվ.1979 թ.) և ուղևորներ Ս. Նարգիզյանը (ծնվ.1983թ.) և Հակոբ, Օլյա, Արևիկ, Դիանա և Օլյա Հովսեփյանները (ծնվ.1945թ., 1953թ., 1977թ., 2009թ., և 2006թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ զոհվել է Ս.Սուքիասյանը, իսկ ժ.20:00-ի սահմաններում` Արման Պողոսյանը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:





ԱԻ նախարարությունը նաև հաղորդում է, որ ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բերդավան ավտոճանապարհին ևս տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ, բախվել են «Ռովեր» մակնիշի 33DՍ562 (վարորդ Սմբատ Ղալթախչյան, ծնվ.1985թ.) և «Մերսեդես» մակնիշի 24ԼՕ705 պետհամարանիշներով (Սամվել Զուրաբյան, ծնվ.1969թ.) ավտոմեքենաները, ինչից «Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թաթուլ Դալլաքյանը (ծնվ.1983թ.) տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը` Ս.Զուրաբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Ժամը 20.16-ին հրշեջ - փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ղալթախչյանին, ով հոսպիտալացման ճանապարհին զոհվել է:










