Վանո Մերաբիշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել

18:43 • 28.05.13

Վրաստանի գլխավոր դատախազությունը ևս մեկ մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին, հայտնում է apsny.ge-ն։ Ինչպես հայտնել է երկրի գլխավոր դատախազության ներկայացուցիչը, նա մեղադրվում է 2011-ի մայիսի 26-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

 

Խոսքը խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ 2011-ին անցկացված բողոքի ակցիան ցրելու մասին է։ Նախկին վարչապետի մեղավորությունն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում։

 

Մայիսի 26-ին, ըստ դատախազության ներկայացուցչի, ՆԳ՝այդ ժամանակ նախարար Վանո Մերաբիշվիլիի գլխավորությամբ ծրագրվել է ոչ թե ակցիան ցրելու, այլ լայնամաշստաբ հարձակում այլակարծիք մարդկանց վրա, «որոնց հստակ նպատակն էին զանգվածային ձերբակալությունները, մարդկանց վախեցնելը, պատժելը»։

 

Դրա հետևանքով զոհվել է 2 (նրանց մահվան հանգամանքների հետաքննությունը շարունակվում է), տուժել շուրջ 300 մարդ։ Անհիմն ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ։

 

Հիշեցնենք, որ Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է մայիսի 21-ին՝ «ընտրողներին գնելու», «պետական միջոցներ յուրացնելու և վատնելու», «ծառայողական դիրքի չարաշահման» մեղադրանքներով։