Մոսկվայում հայերից բաղկացած հանցախումբ է ձերբակալվել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հայերից բաղկացած հանցախումբ է ձերբակալվել:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, բոլոր ձերբակալվածները՝ հանցախմբի պարագլուխը և 4 անդամները, կասկածվում են Մոսկվայի մարզի տարածքում ԱԳՄ-ներ (ավտոմատ գանձման մեքենա (բանկոմատ)) և Վճարումների ընդունման տերմինալներ հափշտակելու մեջ:
Ռուսաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հայերն առնվազն 8 ԱԳՄ և վճարումների տերմինալ են գողացել: Հանցախմբի անդամները գործել է հետևյալ սխեմայով. բանկոմատները և վճարման տերմինալները գողացել են (պոկել են գետնից) ավտոմեքենայով տեղափոխել են ապահով վայր, բացել են և հափշտակել պարունակությունը: Գողացված յուրաքանչյուր սարքավորման մեջ միջինը 2 մլն ռուբլի (64 հազ. ամերիկյան դոլար) է եղել:
Իրավապաները ձերբակալվածների թաքստոցից հայտնաբերել են դիմակներ, ոստիկանական համազգեստ, բանկոմատներ բացելու համար անհրաժեշտ գործիքներ և տրավմատիկ ատրճանակ: Քննչական մարմինների տվյալներով՝ իրենց վրա ուշադրություն չհրավիրելու համար հանցախմբի անդամները յուրաքանչյուր «փողի քսակի» «ետևից գնացել են» նոր համարանիշի ավտոմեքենայով (ավտոմեքենան նույնն է եղել, համարանիշները գողացված են եղել տարբեր ավտոմեքենաներից):
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի ՔՕ 158 հոդվածի հատկանիշներով (գողություն). ձերբակալվածներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Հանցախմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են սկսվել:










