Արքայազն Չարլզը Մատենադարան է մտել ետնամուտքից

19:32 • 28.05.13

Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները քիչ առաջ Մատենադարանի առջև հավաքված բնապահպան ակտիվիստներին և լրագրողներին հաստատել են այն տեղեկությունը, որ Ուելսի իշխան, արքայազն Չարլզը Մատենադարան է մտել ետնամուտքից, քանի որ նրա անվտանգության աշխատակիցներն այդպես են նպատակահարմար գտել: 


Հիշեցնենք, որ Ամուլսարում բրիտանական վտանգավոր ներդրումները կանխելու նպատակով, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները երկու ժամից ավել Մատենադարանի առջև կանգնած սպասում էին արքայազն Չարլզին:

 

Նրանք արքայազնին դիմավորելու էին եկել «Բնապահպան Չարլզ, միացե՛ք Հայաստանի բնապահպաններին» ցուցապաստառով։

 

«Ազատություն» TV-ին Մատենադարանից տեղեկացրել են, որ արքայազնը ծանոթացել է Մատենադարանի հարստությանը, իսկ այս պահին ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ում հրավերով նա այստեղ է, Չարլզին է ներկայացնում «Երևան, իմ սեր» ծրագիրը, որի համար էլ նա Հայաստան է ժամանել:


Ծրագիրը նպատակ ունի վերականգնել Երևանում պատմական նշանակություն ունեցող շենքերը: «Երևան, իմ սեր» ծրագրի շրջանակներում նախատեսած է գալա համերգ, որից ստացված բարեգործությունը նախատեսվում է ուղղել Երևանի Կոնդ թաղամասի երեք պատմական շենքերի կառուցմանը:


Նշենք, որ արքայազնը եռօրյա մասնավոր այցով է հրավիրվել Հայստան: Ըստ տեղեկությունների՝ վաղը նախատեսվում է, որ նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաև կլինի Էջմիածնում և հանդիպում կունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: