Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ այսօր միասեռ ամուսնություն կգրանցվի

09:13 • 29.05.13

Ֆրանսիայի հարավային Մոնպելյե քաղաքում այսօր տեղի կունենա երկրի պատմության մեջ առաջին միասեռ՝ 2 տղամարդկանց միջև պսակադրությունը, հայտնում է Взгляд-ը։

 

40-ամյա Վենսան Օտենն ու 30–ամյա Բրունո Բուալոն իրենց օրինական պսակադրության արարողությանն են հրավիրել մոտ 500 մարդու, որոնց թվում են նաև քաղաքական գործիչներ ու միասեռականության աջակիցներ։

 

Բացի այդ, «պատմական իրադարձությունը» լուսաբանելու համար ներկա կգտնվի 200 լրագրող։ Պսակադրությունը, որը կվարի անձամբ քաղաքապետ Էլեն Մանդրուսը, Մոնպելյեի քաղաքապետարանի շենքից կհեռարձակվի ուղիղ եթերով։

 

Միասեռ ամուսնությունների օրինականացումը նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր, որն իրականություն դարձավ մայիսի 18-ին։ Օրենքին դեմ է արտահայտվել երկրի ընդդիմությունը, կաթոլիկ եկեղեցին ու տասնյակ հազարավոր շարքային ֆրանսիացիներ։