Պետք չէ լվից ուղտ սարքել. Հմայակ Հովհաննիսյանը ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի չմասնակցելու մասին

10:32 • 29.05.13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելը պետք չէ դարձնել ողբերգություն կամ լվից ուղտ սարքել:


Այս մասին Tert.am-ին ասաց «Հայաստանի քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ գագաթնաժողովներին տարբեր տարիներին այս կամ այն անդամ պետությունների ղեկավարներ մեկ-երկու անգամ ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել: Մանավանդ որ այս անգամ դա, իրոք, «հարգելի» պատճառով էր:


«Կոնկրետ Սերժ Սարգսյանի չմասնակցությունը համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձի հետ և բացի այդ, այո՛, ինչու՞ ոչ, առաջին անգամ Հայաստան էր այցելել Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ներկայացուցիչը: Այնպես որ, չեմ կարծում, որ պետք է դրանից մեծ պատմություն սարքել, լվից ուղտ սարքել»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանից մասնակցել է պատկառելի պատվիրակություն՝ ի դեմս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար |Արթուր Բաղդասարյանի:


Նշենք, որ այսօրվա «ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Երեկ, օրինակ, Ս. Սարգսյանը, ինչպես վերջերս Հայաստանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, չի մասնակցել Բիշքեկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ Սարգսյանը մասնակցում էր Հանրապետության օրվա տոնակատարություններին, իսկ ոչ պաշտոնապես տարբեր մարդկանց շուրթերով ՀՀ իշխանությունները «հասկացրին» ՌԴ-ին, որ Սարգսյանի քայլը դե մարշ էր Պուտինի դեմ: Պատասխան ցուցադրական քայլը, ընդ որում բավական ցինիկ, չուշացավ: Երեկ`Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ, ռազմական ինքնաթիռների եռյակը Հայաստանի եռագույնի փոխարեն երկնքում պատկերեց Ռուսաստանի դրոշի գույները`կարմիր, կապույտ, սպիտակ»:

Հմայակ Հովհաննիսյանի ամփոփմամբ՝ հիմա, երբ Հայաստանի առաջ այս աշնանը կանգնած է ամենակարևոր հարցը. արդյոք աշնանը Վիլնյուսում կստորագրվի՞ ԵՄ ասոցացման համաձայնագիրը, թե ոչ, Հայաստանին բնավ ձեռնտու չէ գրգռել Ռուսաստանին:


Իսկ այս հարցը նրա խոսքով՝ այնքան լուրջ է, որ Հայաստանը, ինչպես ընդունված է գործածել ավիացիոն տերմինաբանության մեջ, «ավտոպիլոտ» ռեժիմից արդեն պետք է անցնի «ռուչնոյ ռեժիմին»։


«Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում, անձնակազմի հրամանատարը ստիպված է արդեն աշխատել, «ռուչնոյ ռեժիմով», այսինքն՝ օպերատիվ որոշումներ կայացնելու միջոցով հընթացս որոշումներ կայացնել՝ կրելով դրա համար պատասխանատվությունը: Այ հիմա արդեն այն իրավիճակն է, երբ անջատվում է ինքնաթիռի ավտոպիլոտը և միանում է «ռուչնոյ ռեժիմը»»,- ասաց նա։


Քաղաքագետը ձեռնպահ է մնում կանխատեսումներ անելուց, թե հօգուտ Ռուսաստանի՝ Մաքսային միությա՞ն Հայաստանը կկատարի ընտրությունը, թե՞ ԵՄ ասոցացման, սակայն չբացառեց, որ «օդաչուն»՝ Սերժ Սարգսյանը, որոշի գնալ մի երրորդ ճանապարհով:


Այս առումով կա օրինակ՝ Մոլդովան, որը ոչ թե սառեցրեց Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրին իր միացումը, այլ դա հետաձգեց՝ այն դարձնելով երկփուլանի:

Փուլեր, որոնք նախատեսում են նախաստորագրում և ստորագրում: