Հնդիկ օդաչուներին կթույլատրեն քնել թռիչքի ժամանակ

12:06 • 29.05.13

Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վաչությունն առաջարկում է օդաչուներին թույլ տալ քնել երկարատև չվերթների ժամանակ՝ անմիջապես անձնակազմի խցում՝ ղեկի մոտ։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ հղում անելով The Times of India-ին, քունը կարգելվի միայն վերելքի ու վայրէջքի ժամանակ, սակայն օդում գտնվելու ընթացքում օդաչուներին կթույլատրվի մինչև 40 րոպե քնել։

 

Վարչության առաջարկը վերաբերում է ինչպես գլխավոր, այնպես էլ 2-րդ օդաչուին, սակայն նրանց չի թույլատրվում միաժամանակ քուն մտնել։ Երբ օդաչուներից մեկը քնի, ապա անձնակազմի անդամները պարտավոր են հետևել, որպեսզի մյուս օդաչուն ևս չմիանա իր գործընկերոջը։

 

Նախատեսվում է, որ այս օրենքը կկիրառվի 3 ժամից ավելի տևող թռիչքների դեպքում։

 

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հնդկաստանում ուշագրավ դեպք էր տեղի ունեցել. օդանավի երկու օդաչուները գնացել էին քնելու՝ թողնելով օդանավի կառավարումը բորտուղեկցորդուհիներին։ Նրանցից մեկը սխալմամբ անջատել էր ինքնաթիռի ինքնակառավարման համակարգը՝ վտանգելով 166 ուղևորների կյանքը։