Վարտիք սմարթֆոնի համար. ճապոնացիների հերթական զավեշտալի գաղափարը (լուսանկարներ)
Ներկայում լայն կիրառություն ունեցող սմարթֆոնների արտաքին պանելի ու էկրանի պաշտպանության համար կան բազմաթիվ պարագաներ՝ ամենատարբեր ձևի, չափի ու գույնի։ Սակայն այն, ինչ մտածել են հնարամիտ ճապոնացիները, չի կարող անտարբեր թողնել և ոչ մեկի։
Վարտիք՝ սմարթֆոնի համար. սա կարող է անհեթեթ թվալ, սակայն ճապոնացի արտադրողի համաձայն՝ այն պաշտպանում է Ձեր հեռախոսի «ամենաինտիմ» հատվածը՝ կենտրոնական կոճակը։
Վարտիքների հեղինակն է խաղալիքների արտադրությամբ զբաղվող Bandai ընկերությունը։ Թեև դրանք իրականում որևէ գործառույթ չեն կատարում և դեռ մի բան էլ բարդացնում են սմարթֆոնից օգտվելու գործընթացը, այնուհանդերձ, վարտիքները լայն կիրառում են գտել հատկապես դեռահասների շրջանում, որոնց կարծիքով՝ վարտիք «հագած» սմարթֆոնը բավականին ծիծաղելի է։
Սիլիկոնե մեկ վարտիքի գինը 2 դոլար է։














