«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին

11:46 • 18.11.26

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հետևողականորեն շարունակում է փաստագրել և միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնել Հանրային հեռուստաընկերության գործունեության ընթացքում արձանագրված համակարգային կողմնակալության, քաղաքական բազմակարծության սահմանափակման, ընդդիմադիր քաղաքական ուժերի ոչ համարժեք լուսաբանման դեպքերն ու եթերային քաղաքականությունը, հայտնել են միավորումից:

«2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական, ընտրական և հետընտրական ժամանակահատվածների մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատրաստված ամփոփ տեղեկագիրը պաշտոնապես ուղարկվել է միջազգային իրավասու կազմակերպություններին և միջկառավարական կառույցներին`

  • ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակին,
  • ՄԱԿ-ի՝ կարծիքի և խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողի գրասենյակին,
  • Եվրոպայի խորհրդի՝ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակին,
  • Հեռարձակողների եվրոպական միությանը (EBU),
  • Կարգավորող մարմինների եվրոպական հարթակին (EPRA)։


Տեղեկագրում փաստագրված են եթերաժամանակի անհամաչափ բաշխումը՝ հօգուտ իշխանության, ընդդիմադիր կամ այլընտրանքային ներկայացվածության համակարգային բացառումը, ինչպես նաև քաղաքական իրադարձությունների կողմնակալ լուսաբանումը։

«Հայաքվեի» նպատակն է հետամուտ լինել, որպեսզի ՀՀ հանրային ռեսուրսները տնօրինողների կողմից թույլ տրված կոպտագույն խախտումները չմնան միայն ներհայաստանյան մարմինների սոսկ գնահատականների շրջանակում, այլև դառնան միջազգային մասնագիտական և իրավապաշտպան կառույցների ուշադրության և քննության առարկա։

Հանրային հեռարձակողը պարտավոր է ծառայել հանրությանը, ոչ թե օրվա իշխանությանը։ Հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության անկախությունը, անաչառությունն ու քաղաքական բազմակարծությունը եթերով ապահովելը ժողովրդավարական պետության պարտադիր պայմաններ են։

«Հայաքվեն» շարունակելու է հետևողականորեն պահանջել հանրային հեռարձակողի վերադարձն իր հանրային առաքելությանը»,- նշված է հայտարարության մեջ: