Ամերիկյան հատուկ ծառայությունները որոշել են ազատվել ցանցային ադմինիստրատորներից

09:14 • 09.08.13

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից ազատել ցանցային ադմինիստրատորների 90%-ին, ինչի մասին տեղեկացնում է Лента-ն՝ հղում անելով Huffington Post-ին։

 

ԱԱԾ-ի տնօրեն Քիթ Ալեքսանդրը հստակեցրել է, որ այդ քայլով իրենք ցանկանում են այնպես անել, որպեսզի հնարավորինս քիչ թվով մարդկանց հասանելի լինեն գաղտնի տեղեկությունները։

 

Նա պատմել է, որ ներկայում ԱԱԾ-ում աշխատում է մոտ 1.000 ցանցային ադմինիստրատոր, և նրանց մեծ մասին հնարավոր է փոխարինել նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Արդյունքում՝ համակարգչային ցանցերն ավելի ապահով ու հուսալի կլինեն։

 

Ալեքսանդրը նշել է, որ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված դեպքից հետո իրենք սահմանել են նոր կանոն, ըստ որի՝ ցանցային ադմինիստրատորները գաղտնի տեղեկության մշակման ժամանակ պարտավոր են աշխատել իրենց գործընկերներից որևէ մեկի ներկայությամբ։

 

Էդվարդ Սնոուդենը նախկինում ևս եղել է ԱԱԾ-ի ցանցային ադմինիստրատոր։ 2013թ. հունիսին նա ԶԼՄ-ներին պատմել է ամերիկյան հատուկ ծառայությունների ծրագրի մասին, որը հնարավորություն է տալիս գաղտնալսել հեռախոսազրույցներն ու կարդալ մասնավոր անձանց էլեկտրոնային նամակագրությունը։
 

Ամերիկյան հատուկ ծառայությունները որոշել են ազատվել ցանցային ադմինիստրատորներից