Հյուսիսային Կորեան ստեղծել է իր առաջին սմարթֆոնը

17:09 • 12.08.13

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկայացրել է հյուսիսկորեացի գիտնականների ձեռքբերումը՝ սենսորային բջջային հեռախոս «Արիրանը»։ Երկրի առաջնորդը բարձր է գնահատել սարքը, գրում է Russia Today-ը։

 

Շնորհանդեսը կայացել է «Մայիսի 11» էլեկտրոնիկայի գործարանում, հայտնում է հարավկորեական Chosun Ilbo թերթը։

 

Երկրի առաջնորդը ծանոթացել է արտադրության պայմաններին, ինչպես նաև տեղում որոշ ժամանակ զբաղվել  «ղեկավարչական գործունեությամբ»։ Գործարանում Կիմ Չեն Ընն ընդգծել է գործարանի ղեկավարության և աշխատակիցների հայրենասիրական գործունեությունը, որոնք կարողացել են հեռախոսների արտադրությունն իրականացնել հայրենական տեխնոլոգիաների օգնությամբ։

 

««Արիրան» հեռախոսը հիանալի տեսք ունի արտաքինից, այն թեթև է և հագեցած շփման և ուսուցման համար անհրաժեշտ բոլոր գործառույթներով»,- ասել է ղեկավարը։

 

Առաջին հեռախոսը Հս. Կորեայում հայտնվել է բջջային կապի օգտատերերի թվի աճի ֆոնին. բջջային հեռախոս ունի երկրի յուրաքանչյուր 12-րդ բնակիչը։ Այժմ հյուսիսկորեացիները կարող են իրականացնել և ընդունել զանգեր, ուղարկել և ընդունել SMS-հաղորդագրություններ, սակայն միջազգային զանգերը դեռևս արգելափակված են։
 

Հյուսիսային Կորեան ստեղծել է իր առաջին սմարթֆոնը