Blackberry ընկերությունը կարող է վաճառքի հանվել
Կանադական Blackberry սմարթֆոն արտադրող ընկերությունը հայտարարել է, որ քննարկում է ընկերությունը վաճառելու հնարավորությունը, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Blackberry-ում հայտարարել են հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կքննարկի տարբեր հնարավորություններ՝ ինչպես նոր համագործակցությունների ոլորտում, այնպես էլ ընկերության լիարժեք վաճառքի ծրագիրը։
Համաձայն նոր եռամսյակային հաշվետվության՝ կանադական ընկերությունը կորցրել է 80 մլն դոլար, իսկ Blackberry-ի բաժնետոմսերի գինը նվազել է 95%-ով՝ 6 տարի առաջվա առավելագույն ցուցանիշի համեմատությամբ։
10 տարի առաջ կանադական այս ընկերությունը մեծ հեղինակություն ուներ հատկապես գործարարների շրջանում, որոնք ցանկանում էին ամենուր էլեկտրոնային փոստին հասանելիություն ունենալ։
Սակայն Blackberry-ի սարքերը չդիմացան iPhone-ի և Android-ի հիման վրա գործող սմարթֆոնների մրցակցությանը։










