ԱՄՆ-ում հրապարակվել է ապագայի տրանսպորտի նախագիծը

09:55 • 13.08.13

ԱՄՆ-ում մշակվել է ապագայի արագընթաց տրանսպորտի նախագիծը։ Այն մշակել է գյուտարար և SpaceX ու Tesla ընկերությունների սեփականատեր Էլոն Մասկը, ով երկուշաբթի օրը հրապարակել է իր նախագծի տեխնիկական յուրահատկությունները, գրում է Взгляд-ը:

 

Մասկը բացատրել է Hyperloop անունով համակարգի աշխատելու սկզբունքը: Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև պետք է տեղադրվի փակ պողպատե խողովակ, որի ներսում ստեղծվելու է ոչ ամբողջական վակուում՝ շփումը նվազեցնելու և 6 հոգու համար նախատեսված մարդատար կապսուլների արագությունը մեծացնելու համար: Այդ կապսուլները շարժման մեջ են դրվելու գծային մագնիսական շարժիչների միջոցով:

 

Այս մարդատար խցերը կկարողանան ընթանալ 1,1 հազար կմ/ժամ արագությամբ՝ Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկո ճանապարհը դարձնելով 35 րոպե: Ողջ համակարգն աշխատելու է արևային էներգիայի հաշվին:

 

Մասկի խոսքով՝ Hyperloop-ն իսկական այլընտրանք է երկու քաղաքների միջև իշխանությունների կողմից իրականացվող 70 մլրդ դոլար արժողությամբ արագընթաց երկաթուղային գծի կառուցմանը: Նրա հաշվարկներով՝ Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև իր ստեղծած տրանսպորտային համակարգի ստեղծման համար կպահանջվի 6 միլիարդ դոլար և մոտ 10 տարի:

ԱՄՆ-ում հրապարակվել է ապագայի տրանսպորտի նախագիծը