Աշխարհի 15 աղքատ երկրների բնակիչներին «լուսավորած» գյուտարարը շարունակում է աղքատ մնալ

18:14 • 13.08.13

Բրազիլացի մեխանիկ Ալֆրեդո Մոզերը, ով 2002թ.-ին լուսատու սարք է ստեղծել սովորական պլաստիկ շշից ու ջրից, հպարտանում է, որ չի արտոնագրել իր գյուտը։

 


Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Մոզերի շնորհիվ այդ լուսատուն այժմ օգտագործվում է Թանզանիայում, Բանգլադեշում, Ֆիջիում, Արգենտինայում, Հնդկաստանում և աշխարհի բազմաթիվ աղքատ երկրներում, որտեղ մարդիկ բնակվում են առանց լուսամուտների և էլեկտրաէներգիայի տներում։

 

Գաղափարը շատ պարզ է։ Տանիքում անցքեր են արվում, որտեղ հերմետիկորեն տեղադրվում են 2 լիտրանոց ջրով լի պլաստիկ շշեր։ Շնորհիվ արևի ճառագայթների՝ շինության ներսը լուսավորվում է։
 

Չափումները ցույց են տվել, որ երկու լիտրանոց շիշը 40-60 վատտ հզորությամբ լամպին համարժեք լույս է տալիս։


Եթե տանիքում բացված անցքը հերմետիկ փակված է լինում, ապա անգամ անձրևի ժամանակ որևէ կաթիլ չի լինում. պնդում է Մոզերը։


Ի տարբերություն Թոմաս Էդիսոնի՝ բրազիլացի գյուտարարը որևէ ցենտ չի վաստակել իր «լամպով»։ Նա այժմ էլ բնակվում է իր պարզ տանը և վարում է 1974թ.-ի արտադրության մեքենան։

 

Սակայն այժմ հպարտանալու բան ունի. իր գյուտը լայնորեն օգտագործվում է աշխարհի նվազագույնը 15 երկրներում։ Չնայած հեղինակը չէր էլ ենթադրում, որ այդ պարզ կոնստրուկցիան այդքան լայն տարածում կստանա։
 

Աշխարհի 15 աղքատ երկրների բնակիչներին «լուսավորած» գյուտարարը շարունակում է աղքատ մնալ